Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը դեկտեմբերի 22-ից մինև հունվարի 20-ը համատեղ կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտնել է իրանական բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այդ զորավարժությունների նպատակն է ապահովել հավաքական անվտանգությունը և օգնել ամրապնդելու անվտանգությունը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, որտեղ տեղի են ունենում տարբեր միջադեպեր, մասնավորապես ծովահենություն», – նշել է Հոսեյն Հանզադին։
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների նախնական պլանը մշակվել է հոկտեմբերին երեք երկրների ներկայացուցիչների կողմից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ռազմական նավաստիների առաջիկա զորավարժությունները կոչված են պայքարելու ահաբեկիչների և ծովահենների դեմ, իսկ ավելի վաղ Իրանի ԱԳ-ի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել էր, որ այդ զորավարժությունները որևէ երկրի նկատմամբ թշնամանքի դրսևորում չեն: