Թուրքիայի Արտգործնախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին հրեական բնակավայրերի հարցում «Իսրայելի հանցագործ գործողությունները օրինականացնելու» փորձի համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով թուրքական արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությանը:
«Ամերիկյան ղեկավարությունը պնդում է, որ արևմտյան ափի անօրինական բնակավայրերը կառուցված են առանց միջազգային իրավունքի խախտման: Սա Իսրայելի հանցագործ գործունեությունն օրինականացնելու հերթական օրինակն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ թուրքական Արտգործնախարարության` իսրայելական բնակավայրերը պաղեստինյան բռնազավթված տարածքում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտն են:
ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ըստ Վաշինգոտնի` Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը այլևս չեն հակասում միջազգային իրավունքին: Իր հերթին պաղեստինյան վարչությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն լիազորված չէ չեղարկելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձևերը:
Դեռևս 2016թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունել է N2334 բանաձևը, որի հիմնական պահանջն է` դադարեցնել պաղեստինյան բռնազավթված տարածքներում Իսրայելի կողմից բնակեցման գործունեությունը: Իսրայելը դեռ այդ ժամանակ էր հայտարարել, որ չի կատարելու այդ փաստաթղթի դրույթները: