Բրիտանական նախարարների կաբինետը քննարկում է այն հարցը` արդյոք Մեծ Բրիտանիան կհասցնի Brexit-ից հետո` մինչ անցումային շրջանի ավարտը, ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է Լանկեստերյան դքսության կանցլեր Մայքլ Գոուվը BBC-ին տված հարցազրույցում:
Կանցլերը նաև հավելել է, որ Բորիս Ջոնսոնի կառավարությունը մտադիր չէ երկարաձգել անցումային շրջանի գործողության ժամկետը, որի ընթացքում Միացյալ Թագավորությունը և Եվրամիությունը կշարունակեն գործել նախկին կանոններով:
Brexit-ից հետո անցումային շրջանը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կկնքեն նոր առևտրային համաձայնագիր, կշարունակվի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Համաձայն հոկտեմբերի 17-ին ձեռք բերված համաձայնության` անցումային շրջանը կարող է երկարաձգվել առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք է դուրս գար դեռևս 2019թ. մարտի 29-ին, սակայն այն հետաձգվեց նախ մինչև ապրիլ, ապա մայիս ամիսը, այնուհետ մինչև հոկտեմբերի 31-ը : Արդյունքում Թերեզա Մեյը ստիպված էր հրաժարական տալ` չկարողանալով դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Brexit-ը ներկայումս հետաձգվել է մինչև 2020թ. հունվարի 31-ը: Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 12-ին նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ` հույս ունենալով այդպիսով ավարտին հասցնել Brexit-ի գործընթացը: