ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ռազմաքաղաքական ճգնաժամի լուծման հարցում։
Գլխավորը, ինչի շուրջ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Մոսկվայի աջակցությանը վայելող Սիրիայի կառավարական ուժերի և Անկարայի կողմից հովանավորվող զինված ընդդիմադիր խմբերի միջև ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումն էր: Սա, իհարկե, որոշակիորեն նվազեցնում է նրանց միջև ուղիղ դիմակայության հեռանկարը: Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են նաև ստեղծել 12 կմ լայնությամբ «անվտանգության գոտի» (յուրաքանչյուր կողմից 6 կմ), որը մարտի 15-ից համատեղ վերահսկվելու է ռուս և թուրք զինծառայողների կողմից:
Կարելի է կարծել, որ մոսկովյան համաձայնագրերն ամենևին էլ Անկարայի դիվանագիտական հաջողությունը չեն, քանի որ վերջինիս հիմնական պահանջները չեն ընդունվել Ռուսաստանի կողմից: Թուրքական դիտորդական կետերը շարունակում են շրջապատված մնալ սիրիական կառավարական ուժերի կողմից, իսկ փախստականների ճակատագիրը, որոնք ի հայտ են եկել պրոթուրքական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում վերջերս տեղի ունեցած մարտերից հետո, դեռևս անորոշ է: Բացի այդ սիրիական բանակի տարածքային վերջին ձեռքբերումները ամրապնդվել են: Եվ թերևս ամենակարևորը. ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ իր նպատադրումը:
Առավելագույնը, ինչին հասել է Էրդողանը, շփման գծում հրադադարի հաստատումն է, ինչպես նաև այն, որ Թուրքիան պահպանեց վերահսկողությունը տարածքների մի մասի վրա:
Իհարկե, երաշխիքներ չկան, որ մոսկովյան համաձայնագրերը երկարաժամկետ են լինելու, և դա միանգամայն բնական է, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան, պատկերավոր ասած, «բարիկադների հակառակ կողմերում» են: Բացի այդ, համաձայնագրերի կատարման վերահսկման հատուկ մեխանիզմներ չկան: Այսպիսով, երկու երկրների միջև առկա հակասություններն այս պարագայում չեն լուծվում:
Էրդողանի խնդիրն այն է, որ նա շարունակում է Սիրիայի հյուսիսային շրջանները դիտարկել որպես իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, և, հետևաբար, ինքն իրավունք ունի զորքեր ուղարկել հարևան պետության տարածք և, տարբեր պատրվակներով, վերահսկելու այն:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մոսկվայում Պուտինը հերթական անգամ Էրդողանին բացատրել է, որ Թուրքիայի ծրագրերը՝ ընդլայնելու իր աշխարհաքաղաքական ազդեցությունը հարևան պետություններում, անարդյունավետ էին, որքանով որ դրանք բախվում էին Ռուսաստանի ազգային շահերին: Եվ դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև Հարավային Կովկասին, որտեղ Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցությունն ավելի հիմքային է:
Եվ եթե Մոսկվային և Անկարային հաջողվել է ինչ-որ չափով համաձայնության գալ Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք, քրդեր) ռազմավարական համագործակցության վերաբերյալ, ապա դա, ըստ էության, անհնար է Հարավային Կովկասում: