Իդլիբի դեէսկալացիայի գոտում, ռուս-թուրքական համաձայնագրին համապատասխան, Հալեպ և Լաթաքիա քաղաքները կապող Մ-4 մայրուղու հատվածում սկսվել է ռուս-թուրքական երկրորդ համատեղ պարեկությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար դերծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ Թուրքական կողմը մոտ ժամանակներս պարտավորվել է չեզոքացնել ծայրահեղական խմբավորումները, որոնք խոչընդոտում են համատեղ պարեկությանը:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի մարտի 6-ին՝ ժամը 00:01-ից, Իդլիբի դեէսկալացիայի գոտու տարածքում հրադադարի ռեժիմ է սահմանվել:
Անցած օրերի ընթացքում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող անօրինական զինված խմբավորումների կողմից գնդակոծություններ չեն գրանցվել։
Ռուսական ռազմական ոստիկանության ուժերը նաև պարեկություն են իրականացրել Հալեպ և Հասեկե նահանգներում: