Հայաստանից ՌԴ չեղարկված թռիչքից տուժած քաղաքացիներն այսօր` ապրիլի 4-ին, բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ դեսպանատան մոտ: Բողոքող քաղաքացիներից մեկն ասել է, որ պատկան մարմինները երեկ «հանցագործություն» են արել, քանի որ երեկ թռիչք է պլանավորված եղել, սակայն թռիչքը չի կայացել, և իրենք պահանջում են այդ որոշումը կայացնողը պատասխանատվություն վերցնի կատարվածի համար:
«Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք, այստեղ մարդիկ են, որոնք Ռուսաստանում ընտանիքներ ունեն, բիզնես ունեն, ուղղակի պետք է վերադառնան և չեն կարողանում, որովհետեւ մի պաշտոնյա այդպես է որոշել: Ինչո՞ւ եք ռուսաստանցիների հետ նման կերպ վարվում, միայն մեզ ուղարկեք, մենք բոլոր հարցերը կլուծեք: Այսօր հայտարարություն ստացանք, որ Փաշինյանը իր քաղաքացիներին ապրիլի 6-ին Հայաստան է բերում, իսկ Ռուսաստանը այստեղ է թողնում իր քաղաքացիներին, այսինքն հակաժողովրդավարակա՞ն է Ռուսաստանը, ի՞նչ է կատարվում, մենք վտանգավո՞ր ենք երկրի համար»,-ասաց քաղաքացին` նշելով, որ շուրջ 200 քաղաքացիներ այսօր կանգնած են այս խնդրի առաջ:
Քաղաքացին հավելեց, որ եթե ՌԴ կառավարությունը իրենց չպատասխանի, իրենք կդիմեն նախագահին:
Նշենք, որ ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ գումարները վերադարձնելու հետ կապված իրենք պատասխանատվություն չեն կրում։