Օրերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, որում մասնավորապես բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած առաջընթացը:
Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունց փոխանցում են, որ Սի Ծինփինը ևս պատասխան նամակ է հղել, որում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
«Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն և համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը»,- մասնավորապես ասվում է Սի Ծինփինի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում: