Կառավարության ներկայացրած ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի էջում:
««Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի` ՍԴ–ի դերակատարության, ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև՝ ինձ համար անընդունելի։ Հետևաբար ԱԺ–ում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական»,–գրել է նա։
Նա նշել է, որ պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել Ավետիսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։ Սակայն «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից և քննարկումներից հետո աննպատակահարմար է համարում ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը։
«Նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։ Ուստի այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու և մեր Հայրենիքի»,- գրել է նա:
Հիշեցնենք` հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: