Մեր օրակարգում կա Արցախի ճանաչման հարց: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչման հարց կա, թե՝ ոչ:
«Ձեր հարցը երկու մասի բաժանեմ: Դուք մի քանի բան նշեցիք՝ ճանաչում, եւ հետո: Եկեք հետոյի մասին այս պահին որեւէ բան չասեմ: Իսկ ձեր ուղիղ հարցին, արդյոք կա այդպիսի հարց մեր օրակարգում, այո, ինչպես եղել է այդպիսի հարց մեր օրակարգում, այնպես էլ կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ գնում ենք այդ քայլին, թե ոչ, մենք, այո, նաեւ ձեր հրապարակային հարցից հետո պետք է դա լրջորեն քննարկենք, եւ գործնականում հիմա գուցե հանրային քննարկումներ սկսվի: Մենք քննարկում ենք հնարավոր բոլոր սցենարները: Իսկ այն հարցին, թե մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք։ Հիմա գործնականում գուցե այս հարցուպատասխանի ընթացքում հանրային քննարկում սկսի։ Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները: Նույնը վերաբերում է նաև ռազմաքաղաքական դաշինքի հարցին։
Մեր օրակարգում եղել է, բայց հիմա մեր օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան: Բնականաբար, դրա շարունակական հետևանքներով, որից հետո կլինի հանրաքվե և Արցախը կմիանա Հայաստանին եւ մենք այս թեման կփամենք հավիտյանս: Արդեն կա մեծ պատերազմ», – ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Արցախի հարցի շուրջ հիմա չկան բանակցություններ: Ըստ նրա՝ հիմա անիմաստ է խոսել դրա մասին, քանի որ լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել:
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: