ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագրի կատարման ընթացքի առնչությամբ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած տեսակոնֆերանսին:
Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշել է. «Մեզ համար սա լավ առիթ է՝ Արցախի նորընտիր իշխանությունների հետ ավելի առարկայական խորհրդակցելու և համադրելու մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունների շուրջ առկա դիրքորոշումները և առաջին հերթին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում»:
Ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացին Արցախի նորընտիր իշխանությունների ներգրավվման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը և վարչապետը մշտապես կարևորել են Արցախի լիարժեք մասնակցությունը խաղաղ գործընթացում:
Խաղաղ գործընթացի միջավայրի ձևավորման և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ կարգավորումը որևէ այլընտրանք չունի: Ասելով դա՝ ընդգծում ենք նաև, որ և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախի իշխանությունները ավելի քան վճռական են պաշտպանելու իրենց անվտանգությունը, իրենց անկախությունը և իրենց զարգացման իրավունքը»: