Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Երևանում է։ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ և քննարկել Արցախում կենտրոնի ցանցն ընդլայնելու հարցը․ այս մասին Հարությունյանը գրել է Facebook-յան իր էջում։
«Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար»,- գրել է նա։
Հարությունյանը հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:
«Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում»,- ընդգծել է նա։