ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք:
ՊՆ-ի տարածած հայտարարությունում նաև ասվում է. «Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Սակայն, եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված և հասցեական։
Հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է:
Հարցերի և այլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98 122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին։
Դեղորայք, առաջին օգնության պարագաներ և այլ ապրանքներ նվիրաբերելու համար, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարարության հետ, թեժ գիծ՝ 8003»։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: