Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման: Այս մասին Facebook-յան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դավիթ Լյովայի Գրիգորյան, 2020-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա:
Էդգար Էդվարդի Մարկոսյան. այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Յուրա Հայկարամի Ալավերդյան. Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել:
Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հակահետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ:
Դավիթ Վանիկի Ղազարյան՝ ցավոք, հետմահու. վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,-ներկայացրեց Հարությունյանը: