Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 208 զոհված զինծառահող, 8 քաղաքացիական անձի մահ, շուրջ 200 վիրավոր։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: