Մեր բանակի հոգին բարձր է, ռազմատեխնիկայի և սպառազինության խնդիր չունենք և կարող ենք պարտադրել գործողություններ, սակայն Արցախի խնդրի լուծումը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ քննարկման արդյունքում: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Հարցին, թե Արցախի անկախության ճանաչման հարցն ինչո՞ւ այսօր չի բերվում ԱԺ օրակարգ, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ դա իհարկե կարևոր զենք է մեր զինանոցում։ Սակայն առավել կարևոր է Արցախի անկախության միջազգային ճանաչումը։
«Պետական մակարդակով համագործակցության հուշագիր կնքելու և գործողություններ սկսելու նախադրյալներ այսօր կան, բայց պետք է հասկանալ, որ մեզ համար ամենակարևորը ոչ թե ՀՀ-ի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ քաղաքակիրթ աշխարհի կողմից իրողությունն ընդունելն է և փաստն արձանագրելը»,- նշեց Էնֆիաջյանը։
Անդրադառնալով սահմանային շփման գծում Թուրքիայից վարձկաներ բերելուն՝ Էնֆիաջյանը նշեց, որ Ադրբեջանի պետական ինստիտուցիոնալ գործառույթները հարաբերական վիճակում են, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական որոշումները կայացվում են Էրդողանի կողմից: Հստակ փաստեր կան, որ վարձկանների ներգրավվածություն եղել է Սիրիայից, Լիբիայից, և հետագայում միջազգային հարթակներում այս խնդիրների մասին բարձրաձայնելու են: