ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել այսօր ավելի վաղ առաջնագծում դավաճանական գործողության վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:
Ըստ հաղորդագրության՝ հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է՝ պետական դավաճանության հոդվածով:
Նշվում է, որ քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների շրջանում սադրիչ և ստահոդ տեղեկություններ տարածող անձանց, ինչպես նաև հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզաբանվում է նաև, որ նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հաղորդագրություն#ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների…
Опубликовано ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Четверг, 8 октября 2020 г.