Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով եւ ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա եւ այլ միջոցներ՝ հակառակորդի հետ շպրտելով ելման բնագծերը։ Նման մանր փորձեր կատարվել են նաեւ այլ ուղղություններում։ Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։