Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նպատակներով կրակը դադարեցնելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։
«Այժմ անհրաժեշտ է խստորեն հետևել դրան, որպեսզի պայմաններ ստեղծվեն ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու համար:
Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում էին Մինսկի խմբի հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան շարունակում է համախմբել ջանքերը՝ իր ներդրումն ունենալու այդ համատեքստում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Իրանը նույնպես ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ որպես քայլ դեպի խաղաղություն»,- գրել է նախարարը:
Իրանն իր հարևաններին նաև կոչ է արել սկսել բովանդակային երկխոսություն՝ հիմնված միջազգային իրավունքը հարգելու վրա: Զարիֆը նաև նշել է, որ իրենք գնահատում են ռուս հարևանների կառուցողական ջանքերը:
Նշենք, որ այսօր, ժամը 12:00-ից կողմերի պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար հրադադար է հաստատվել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: