Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան էլ տեղին չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
«Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում են թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:
Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության՝ պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում։ Վստահենք մեր բանակին, մենք անկասկած #Հաղթելու ենք»,- գրել է Հովհաննիսյանը։