«Ադրբեջանական զորքերը Թալիշ գյուղի մատույցներում են, սակայն գյուղն ադրբեջանցիների տիրապետության ներքո չէ»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ խնդրեց չհիմնավորված խոսակցություններ չվարել, թե իբր հայկական կողմն ավելի շատ զոհեր ունի, քան պաշտոնապես հայտարարվում է: Անդրադառնալով հակառակորդի զոհերին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ վերջին ժամերին չեզոքացվել է հակառակորդի՝ ավելի քան 200 զինծառայող:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 491 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: