Պետք չէ կարծել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի և կհետևի Թուրքիայի գործողություններին Անդրկովկասում: Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նախագահի խորհրդականը կանխատեսում է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը կարող է դիմել կողմերին:
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս քայլն էլ անտեսեն, բացառված չէ, որ Ռուսաստանն անցնի ավելի կոշտ քայլերի, ինչի համար կան բոլոր քաղաքական նախադրյալները:
«Եթե ահաբեկիչները մտնում են Ռուսաստանի տարածք, դա շատ լուրջ է: Պետք չէ կարծել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի և կհետևի Թուրքիայի գործողություններին Անդրկովկասում»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ ԱԳՆ ղեկավարների հետ Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո ՌԴ պաշտպանության նախարարն է դիմել իր գործընկերներին:
Բաբայանը ընդգծեց, որ Թուրքիան մտել է տարածաշրջան և չի պատրաստվում լքել այն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարձկանները նկատվել են Դաղստանի սահմանների մոտ: Արդեն տրվել է համաթուրքական բանակի գաղափարը:
«Բայց ես համոզված եմ, որ ՀԱՊԿ երկրները չեն մասնակցի այս արկածախնդրությանը: Մնում է ստեղծել ընդհանուր բանակ Ադրբեջանի հետ, այնպես որ թուրքական բանակը կմնա Ադրբեջանում»,- կանխատեսեց Բաբայանը: Միաժամանակ նա հիշեցրեց, որ պատերազմը վաղ թե ուշ կդադարի: Բայց այդ դեպքում էլ ավելի անհրաժեշտ է պատրաստ լինել ճիշտ քաղաքականություն վարելուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: