Թուրքիան ապահովում է Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք տեսել ենք քաղաքացիական անձանց մահվան մասին հաղորդումները, մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է աջակցել Ադրբեջանին։ Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին», – ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: