Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կապ հաստատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որով նա կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը շեշտել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»:
Հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի համաձայնությամբ իր խաղաղապահներին ուղարկել հակամարտության գոտի, Պեսկովն ասել է. «Ես հիմա ինչ-որ վերջնական հիմնավորում չեմ կարող տալ»:
«Նախագահի և իր գործընկերների շփումները Բաքվում և Երևանում շոշափում են հնարավոր կարգավորման հետ կապված ամենալայն ասպեկտները», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկե՞լ է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հնարավորությունը: