Նորվեգիան մարդասիրական օգնություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք խորապես մտահոգված ենք խիտ բնակեցված վայրերում մարտական գործողությունների և հարձակումների մասին լուրերով, որոնք վերաբերում են խաղաղ բնակիչներին և վտանգում են մարդասիրական օգնություն իրականացնողներին» ,- ասել է արտգործնախարար Ինե Էրիկսեն Սորեյդը:
Նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերը շատ մարդկային կյանքեր են խլել, շատերին ստիպել են լքել բնակավայրերը և մեծ տառապանքներ պատճառել խաղաղ բնակչությանը: Նորվեգիան այժմ 1,5 մլն եվրո է տրամադրում մարդասիրական կազմակերպություններին՝ օժանդակելու հակամարտության հետևանքով առավելապես տուժածներին:
Նախարարը կոչ է արել հարգել մարդու իրավունքները և չխոչընդոտել մարդասիրական աշխատանքներին:
Նաև նշվում է, որ «Save the Children» կազմակերպության հետ Նորվեգիան մարդասիրական օգնություն կցուցաբերի երեխաներին: Աջակցությունն ուղղված է նրան, որ երեխաներն ունենան տաք հագուստ և ստանան հոգեբանական աջակցություն:
Նորվեգիան նաև կաջակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Halo Trust կազմակերպությանը: