Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և իր անունից շնորհակալություն է հայտնել աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել:
«Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունները տեղային հակամարտության հերթական էսկալացիա չէ, այլ, առանց չափազանցության, միջազգային ահաբեկչությանը մարդկության համաշխարհային դիմակայության մի դրվագ:
Արցախի Հանրապետության ժողովուրդը, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:
Հավաստիացնում եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, քանի որ վկայում է, որ ազատ և անկախ ապրելու համար մղվող պայքարում Արցախը միայնակ չէ»,-նշել է Թովմասյանը:
Արցախի ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ազատ ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված հայկական կողմի ջանքերը կարժանանան համապատասխան գնահատականի, և Արցախի Հանրապետությունը, որն անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը որպես ինքնիշխան պետություն, վերջապես միջազգայնորեն կճանաչվի: «Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս օրհասական պահին արցախահայությանը ձեր համերաշխությունը հայտնելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Թովմասյանը: