Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի։ Այս մասին նա ասել է Շանհայի Համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ։ Նա նշել է, թե այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեծ ողբերգություն է։
«Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նկատվող փոխզիջումն ու արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով եմ, որ մեր ձեռնարկած քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին։ Փաշինյանը նշել է, որ որոշումն անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար: Հիշեցնենք նաև, որ վարչապետի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ բողոքի գործողություններ իրականացրեցին՝ պահանջելով, որ վարչապետը չեղարկի ստորագրած փաստաթուղթը։ Նրանք ներխուժեցին կառավարության շենք, որպեսզի հանդիպեն վարչապետի հետ: Քաղաքացիները գիշերվանից բողոքի ցույց են անցկացնում ԱԺ-ի դիմաց և հանդիպում են պահանջում իմքայլական պատգամավորների հետ: Ի դեպ, 17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը: