ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ի դեմս ՌԴ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի, ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից:
Համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում շարունակել ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավարությունները: Նրանք նաև կոչ են անում տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրացի վարձկաններին:
Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման վերաբերյալ: Նրանք ընդգծում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց կամավոր, ապահով, արժանապատիվ և տևական վերադարձի պայմաններ ապահովելու կարևորությունը: Նրանք նաև շեշտում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական և պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են բանակցել կայուն և տևական խաղաղության համաձայնագրի շուրջ: Այս համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում համանախագահներին հնարավորինս մոտ ժամկետներում հյուրընկալել տարածաշրջանում և բովանդակային բանակցություններ սկսել բոլոր հարցերը կարգավորելու համար՝ համաձայնեցված ժամանակացույցով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման կարևորությունը և վերահաստատում իրենց միասնական դիրքորոշումը բոլոր առանցքային առարկայական հարցերի շուրջ բանակցված, համապարփակ ու տևական կարգավորման հասնելու համար՝ համահունչ հիմնարար սկզբունքներին ու տարրերին, որոնք լավ հայտնի են Հայաստանին ու Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: