ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որում մի շարք հարցադրումներ է կատարել Սյունիքի մարզի սահմանները խորհրդային ժամանակահատվածի սահմանագծման առնչությամբ։
«Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։
Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Խորհրդային միության սահմանների նշագծումներով»,-ընդգծել է Օհանյանը։
Այս առնչությամբ նա մի շարք հարցեր է հղել ԱԺ խոսնակին․
«1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող Խորհրդային միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։
2․ Եթե ընդունում եք Խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։
3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»,-նշել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ իրենց մտահոգությունն էին հայտնել մարզում սահմանների հստակեցման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքապետերն արձանագրել են, որ սահմանի փոփոխության հետևանքով հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան մարզային կենտրոնը: