Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառման մասին թուրքագետ Վարուժան Գեղամյանն այսպիսի վերլուծություն է արել.
«Բացենք նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությունը, որի 9-րդ կետն ասում է հետևյալը.
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Համադրենք այս երկու տեքստերը և տանք պարզ տրամաբանական հարց. եթե խոսք չի գնում միջանցքի մասին, այլ պարզապես սովորական տրանսպորտային տեղաշարժ է (օրինակ՝ ՀՀ A սահմանային անցակետից ադրբեջանական մեքենան մտնում է ու դուրս է գալիս ՀՀ B սահմանային անցակետից), ինչո՞ւ է այդ տեղաշարժը հսկվում ոչ թե ՀՀ կողմից, այլ ՌԴ Սահմանապահ ծառայության», և ինչո՞ւ պետք է առանձին շեշտվի դրա մասին պատերազմն ամփոփող հայտարարության տեքստում»։
Գեղամյանն առաջարկում է ուշադրություն դարձնել, որ ճիշտ նույն ձևակերպումն է օգտագործված նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի համար. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Այսպիսով, ՀՀ վարչապետը լեզվաբանության մակարդակում չի ստում, որ տեքստում գրված չեն «Մեղրի» ու «միջանցք» բառերը։ Սակայն, նա ՍՏՈՒՄ է՝ հերքելով, որ Սյունիքով անցնելու է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային ուղի, որը ոչ այլ ինչ է, քան միջանցք։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն այսօր հերթական գրառումն է արել՝ փորձելով հերքել Մեղրիով միջանցքի բացումը։ «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն»,- գրել էր Փաշինյանը։