Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շուրջ 4 ժամ տևած բանակցություններն ավարտվել են։ Համատեղ հայտարարություն է ստորագրվել։
Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը։
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:
«Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- հայտնել էր Մանե Գևորգյանը: