Հայ-ռուսական համատեղ զորավարժությունը որևէ մեկին ուղղված ուղերձ չէ, հայտարարել է միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Նա հայտնել է, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստության համատեղ ծրագրի շրջանակներում, որը պատրաստվել էր դեռ տարեսկզբին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հետ համատեղ:
Փարվանյանի խոսքով՝ ներկայումս ընթանում է հայ-ռուսական համատեղ զորավարժությունների կրակային փուլը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդը խախտել է սահմանն ու ներթափանցել Հայաստանի տարածք: Համատեղ խմբավորումը հետ է մղել հակառակորդին՝ վերականգնելով սահմանը։
Փարվանյանը տեղեկացրել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցում են 1500-ից ավելի զինծառայողներ, շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, զորավարժություններին ներգրավված են հայկական ստորաբաժանումներ տարբեր բանակային կորպուսներից, 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներից և սահմանապահ զորքերից:
Ըստ խմբավորման հրամանատարի՝ զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր տարրեր, որոնք դեռևս հրապարակման ենթակա չեն։ Խոսելով զորավարժությունների կարևորության և գործնական նշանակության մասին՝ Տիգրան Փարվանյանն ընդգծել է հայկական ստորաբաժանումների, ռուսական ռազմակայանի և սահմանապահ ուժերի միասնական հրամանատարության ներքո համակարգված գործողությունների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-25-ը «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում անցկացվում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ստորաբաժանումների և ՀՀ պաշտպանության նախարարության մարտական մարտավարական գործողությունների խաղարկությունը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն անցկացվում է 2020 թվականի սեպտեմբերի 21-26 – ը Հարավային ռազմական օկրուգի ներքին հրաձգարաններում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրատարածքներում: