Armenia Today-ը ԱԺ-ը պատգամավորների հետ հարցազրույցների շարք է սկսում ՝ ամենաքննարկվող հարցերի շուրջ։
Armenia Today -ի զրուցակիցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:
– Պարոն Պետրոսյան, ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրություն տեղի ունեցավ. ԲՀԿ-ն բոյկոտեց և չի մասնակցում։ Նախ, որոշումն ինչո՞վ էր պայմանավորված։
– Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ՍԴ-ի կազմաքանդման գործընթացը բացարձակ ապօրինի է, հետևաբար, եթե մենք հիմա մասնակցեինք ՍԴ անդամների քվեարկությանը, ապա կստացվեր, որ լեգիտիմացնում ենք իշխանության սկսած ապօրինի գործընթացը։ Այդ իսկ պատճառով՝ խմբակցությունը չմասնակցեց։ Խնդիրն այն չէ, որ մենք որևէ թեկնածուի անձի վերաբերյալ սկզբունքային անհամաձայնություն ենք ունեցել. բոլորն էլ փորձառու մարդիկ են։ Խնդիրն այն է, եթե մենք մասնակցեինք, դա կնշանակեր, որ մենք անլուրջ ենք եղել մեր նախկին հայտարարություններում։ Իսկ մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ ՍԴ անդամների լիազորությունների դադերեցումը եղել է ապօրինի, և այդ պայմաններում մասնակցեինք այդ ընտրություններին՝ կնշանակեր, որ ինքներս մեզ հակասում ենք։ Իսկ մենք սկզբունքային գործունեություն ենք ծավալում, մենք հանուն անձանց չենք գործունեություն ծավալում, որ հիմա պատճառաբանեինք, թե՝ ոչի՛նչ, այսօր քվեարկենք։
Մեր սկզբունքը մեկն է՝ լինել օրինապաշտ, վարվել օրենքի տառին համապատասխան՝ իրենք օրենքը բռնաբարելով փորձում են ՍԴ կազմը փոխել։ Ես երկու թեկնածուներին էլ շատ հարգում եմ, իրենք իմ ընկերներն են. բացեմ այդ գաղտնիքը։
Բայց ես դիտավորյալ չեմ մասնակցել քվեարկությանը՝ ոչ միայն որպես խմբակցության անդամ, այլև ընդհանրապես որևէ գործընթացի չեմ մասնակցել, որ իմ պատճառով իրենց վնաս չտամ։ Նկատի ունեմ այն, եթե «իրենց քայլն» իմանար, որ իրենք իմ ընկերներն են, կարող էին այդ պատճառով դեմ քվեարկել։ Հենց դրա համար էլ չեմ մասնակցել։ Կրկնում եմ՝ խմբակցությունն անձանց համար քվե չի տալիս, այլ՝ հանուն ՀՀ-ի, իսկ ՀՀ շահերից չի բխում, որ Նիկոլ Փաշինյանի կամքով ՍԴ-ն լուծարվի և այնտեղ իրենց համար ցանկալի մարդկանց բերեն կամ ՍԴ-ն միավորեն Վճռաբեկ դատարանին և այլն։ Սա մեր երկրի շահերից չի բխում, հետևաբար, ԲՀԿ-ն չի կարող ներգրավված լինել հակասահմանադրական, ապօրինի գործընթացքներին։
-Երեկ պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող նոր քրեական գործ է հարուցվել՝ դարձյալ ընտրակաշառք բաժանելու մասով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները Արարատի մարզի մի շարք բնակիչների ԲԿՀ-ի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք են տվել։ Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս հարցում։
– Ծիծաղ է առաջացնում։ Հասկանու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանը կախվել է փրփուրներից։ Բացարձակ որևէ մեկը չի կասկածում, որ սրանք նրա անձնական ցուցումով հարուցված քրեական գործեր են։ Ինքը կանգնելու է դատարանի առաջ՝ ակնհայտ անօրինկան հանձնարարություններ տալու և անհիմն քրեական գործերի հարուցումներ պարտադրելու համար։ Այսօր իրեն թվում է, որ անպատժելի մարդ է։ Իրեն ներշնչել է, որ մինչև 2050 թվականը լինելու է իշխանություն, դրա համար անպատժելիության զգացումով է տառապում։ Բայց նա հետո կանգնելու է դատարանի առաջ։
Ի՞նչ ընտրակաշառքի մասին է խոսքը։ Ա՛յ տղա, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժ էինք, ինչու՞ վազելով եկար՝ հուշագիր ստորագրեցիր. բա մի հատ ճշտեի՞ր, լրջությունդ ու՞ր էր մնացել, կարո՞ղ է մնացել էր ձեր լեռներում։ Գալիս են հուշագիր ստորագրելու. ԱԱԾ-ին մի հատ հանձնարարեիր՝ այդ մարդկանց հետ ես իրավունք ունե՞մ հուշագիր ստորագրելու, որովհետև հուշագիրը սիրո խոստովանություն չէ, դա պաշտոնական փաստաթուղթ է, բա ու՞ր է, այ տղա, քո լրջությունը, որ դու փաստաթուղթ ես ստորագրում, հետո հետին թվով՝ 2 տարի անց, այդ փաստաթուղթը ստորագրած մարդու հետևից ես ընկնում։
Ամեն ինչ այնքան ակնհայտ է։ Ես անկեղծ եմ ասում՝ Փաշինյանին կարեկցում եմ. նա մեր թշնամին չէ, բայց կորցրել է իրեն և այդ կորստի ճանապարհին ուզում է հետն էլ ուրիշ մարդկանց կորցնել։ Նման անհիմն քրեական գործեր կառուցելն այլևս որևէ մեկին չի հետաքրքրում։ Ոչ մեկս չենք վախենում ո՛չ կալանավորվելուց, ո՛չ ձերբալվելուց։ Իմ վերաբերյալ էլ գործ կա. հլա ասեք՝ էդ ի՞նչ գործ է, էդ ի՞նչ եք նկարել։
Ես շատ մեծ հարգանքով կվերաբերվեի Նիկոլ Փաշինյանին, եթե նախքան համագործակցությունը իր ենթակա բոլոր կառույցներին հանձնարարեր ստուգել մեր բոլորի կարգավիճակը, նոր հուշագիր ստորագրեր։ Բայց ի՞նչ է ստացվում՝ հուշագիրը ստորագրեց, որովհետև հասկանում էր, որ ԲՀԿ-ն մեծ վարկանիշ ունի. մեր շնորհիվ եկավ իշխանության, որ մենք կողմ քվեարկեցինք, հակառակ դեպքում վարչապետ չէր կարող դառնալ։ Ընթացքում այդ ամենն անտեսեց։ 2017 թվականի ընտրությունների հետ կապված գործեր է նորոգում. ամոթ է ուղղակի։ Լուրջ հոգեբանի կարիք ունի, որ նրա հետ զրուցի և բերի ճշմարտության դաշտ։ Ինքը վարկաբեկում է ՀՀ-ի հեղինակությունը։ Դրսում լսում են, թե ինչի համար են այս երկրում քրեական գործեր հարուցում։ Հասկանում է, որ այս պայմաններում ներդրումներ չեն լինի և բյուջեն լցնում է քաղաքացիների բյուջեի հաշվին։ Ոգելից խմիչքի հանդեպ սեր ունենալով հանդերձ, գնում է գյուղերում մարդկանց ասում է՝ մի շիշ արաղ պակաս խմեք, գույքահարկ տվեք։
Մեր երկիրը խայտառակ է անում։ Հայ ազգին ներկայացրեց որպես հարբեցող։ Նման խայտառակ ղեկավար մեր երկիրը չի ունեցել։ Ինձանից 3 տարի փոքր է, դրա համար եմ ասում՝ տղա՛ ջան, խելքդ գլուխդ հավաքիր, ամոթ ունեցեիր, եթե չգիտես՝ ինչով զբաղվես, հրաժարական տուր։ Գնա քո հաճույքներով զբաղվիր. դու շատ ես սիրում, հայ ազգը կընտրի մի մարդու, որն իսկապես մտածում է այս երկրի մասին։ Նիկոլ Փաշիանյանին Հայաստանի ապագան չի հետաքրքրում։ Քանի չէր ընտրվել, քաղաքացիներին համարում էր հպարտ, ընտրվելուց հետո՝ դարձավ տուգանքի մատերիալ։ Նրա համար քաղաքացին դարձավ մեկը, որին կարելի է ցանկացած ժամանակ պառկեցնել պոլին, անձնագիր կամ դիմակ չկրելու համար՝ քարշ տալ ոստիկանության բաժին։
-Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հանրահավաքի մասին, բայց մամուլում տեղեկություններ կան, որ հանրահավաքը չի կայանա։ Ի վերջո, հանրահավաքը տեղի կունենա՞։
– Հանրահավաքի մասին կոնկրետ տվյալ չեմ կարող ասել, որովհետև այդպիսի քննարկման չեմ մասնակցել։ Եթե պարոն Ծառուկյանը հայտարարել է, ուրեմն՝ պետք է լինի։ Հիմա գիտեք՝ խնդիրն ինչումն է կայանում։ Սրանք հայտարարում են, որ հանրահավաք չեն կարող անել։ Ես հենց Նիկոլ Փաշինյանին իր լեզվով քուանշ եմ տալիս. ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, եթե Երևան մտնող ճանապարհներին ոստիկանական ուժեր չկանգնեն և մարդկանց շարժը չկանգնեցնեն, կտեսնեք՝ հանրահավաքին քանի մարդ է գալու։ Նիկոլ Փաշինյան, եթե դուխդ տեղն է, ոստիկաններին քաղաքացիների շարժն արգելելու հանձնարարություն չտաք, այդ ժամանակ կտեսնեք՝ հանրահավաք լինում է, թե՝ չէ։ Մարդիկ գալիս են, բայց ճանապարհից ձերբակալում են, տանում են։ Նիկոլ Փաշինյանին, ընկերաբար, տղայավարի ասում եմ, ընկեր ջան, եթե դու բարոյապես պարտավորվում ես խոստանալ, որ մարզային անցակետերում որևէ միջամտություն չի լինելու, կտեսնես՝ ինչ հանրահավաք է լինելու։
-Հանրահավաքի օրակարգում իշխանափոխության հա՞րցն է։
– Մենք պահանջ հնչեցրել ենք. ամբողջ կառավարության հրաժարականի հարցն է։ Կան պաշտոնյաններ, ովքեր բարեխիղճ աշխատում են և մենք նրանց աշխատանքը չգնահատելու իրավունք չունենք։ Չենք կարող ասել՝ պահանջում ենք կառավարության մի քանի հոգու հրաժարականը։ Ո՛չ, ամբողջ կառավարությունը թող հրաժարական տա՝ բոլոր ոլորտներում ձախողել են։
– «Լուսավոր Հայաստանը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի։ Այս հարցում ձեր կուսակցության դիրքորոշումը ո՞րն է, և կմիանա՞ք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։
-Խմբակցությունում այս հարցը չի քննարկվել, ես բարոյական իրավունք չունեմ խմբակցության անունից հայտարարություն անել։ Բայց, որ Արայիկ Հարությունյանը կապ չունի ո՛չ միայն կրության, գիտության, մշակույթի, սպորտի հետ, այլ՝ նա, ընդհանրապես, պետական կառավարմանը հակացուցված կերպար է։ Նա ցայտնոտի մեջ է, երևի, որ չի հանդիպում Կարաբինայի հետ և աննորմալ քայլեր է անում։ Նրան պետք է մի նոր Կարաբինայով ապահովել, որ այդ մարդու հոգեկան հավասարակշռությունը վերականգնվի։ Իրեն պետք է հանել պետական կառավարման ոլորտից։ Նա, որպես մասնագետ և մենեջեր, անելիք չունի։ Նա անգրագետ արաբագետ է. ինչպե՞ս կարող է փոքր երեխաներից դիմակ կրել պահանջել։