«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խոսելիս «…կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ» «…նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» և նման արտահայտություններ կիրառելու համար: Ընկերության որակմամբ, ընդգծված արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորել ընկերության գործարար համբավը:
«Ըստ էության կարող ենք փաստել, որ տարբեր շրջանակներ, քաղաքական ուժեր ներկայացնող մի շարք անհատներ այս ընթացքում «Լիդիան Արմենիայի» գործարար համբավն արատավորելու, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու և բացասական տրամադրություններ ստեղծելու, կամ ինչ-որ խմբերի հաճոյանալու, քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով դիմել են հենց այս՝ զրպարտության միջոցին։ Նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արման Բաբաջանյանի պարագայում նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի։
Հիշեցնենք՝ Ամուլսարի հանքավայրն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունաբերական ամենախոշոր ծրագրերից մեկն է և ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Ծրագրի շրջանակում ներդրվել է ավելի քան $400 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ, իսկ հետագա 10 տարիների հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ։
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր գործունեության համար բազմիցս ենթարկվել է սուր քննադատության։ Մասնավորապես, ընկերության կողմից Ամուլսարում հանքավայրի շինարարության ընթացքում բազմիցս վնասվել է մոտակա բնակավայրերի խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներն ու ցանքատարածություններ, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների հետևանքով փոշոտվել են Ջերմում, Գնդեվազ, Կեչուտ համայնքները (շենքեր, շինություններ, փողոցներ, պտղատու այգիներ, ցանքատարածություններ), ինչի պատճառով բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս։
Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։
2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։
Այս տարվա օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Վերջինները հայտարարություն էին տարածել` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը և միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։