«Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մաս կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ»։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սոցիալական ցանցերում ՄԻՊ ինստիտուտի վերաբերյալ հնչեցվող քննադատություններին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ տարօրինակ է, թե նշված պատգամավորներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝
1) ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար ինչու՞ չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում,
2) ինչու՞ նույն ջանասիրությամբ չեն դիմում Պաշտպանին, որպեսզի պատկերացնեն, թե Կառավարությունից անկախ գործող մարմինն ինչ խնդիրներ է արձանագրել պատերազմի հետևանքով բռնի տեղահաված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում ու ինչպե՞ս կարելի է նրանց ավելի արդյունավետ աջակցել,
3) ինչու՞ չեն դիմում Պաշտպանին՝ հասկանալու համար, թե Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար Պաշտպանի ձեռքբերած ապացույցներն ինչպես կարող են ստանալ կամ օգտագործել դրանք կամ ինչպե՞ս կարող են օգնել Պաշտպանին այդ բոլոր հարցերում, 4) ինչու՞ չեն բարձրացնում հարց այն մասին, թե ի՞նչ անել, որ ադրբեջանի իշխանության մարմինների պատասխանատվությունը խստանա այն բանի համար, որ նրանք պատերազմ են սկսել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում և այլն:
«Փոխարենը՝ խորհրդարանի կառավարող խմբակցության նշված որոշ պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է դեկտեմբերի 22-ի իր լայնածավալ հայտարարությամբ ու դա հատուկ է արել՝ այդ օրը հայտարարված զանգվածային միջոցառումներին ընդառաջ (այդ թվում՝ խիստ քննադատության ենթարկելով ընդդիմության առանձին շրջանակների կողմից «ժեխ», «զոմբի» կամ այլ նման պիտակներով հասարակությանը վիրավորելու ու լարվածությունն ավելի բորբոքելու խիստ դատապարտելի երևույթը, քանի որ այն վտանգում է մեր երկրում մարդու իրավունքների ողջ համակարգը ու բորոքում լարվածությունը)»,-նշել է Թաթոյանը։
Պաշտպանի համար անհասկանալի է, որ լինելով մեր երկրի օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչու՞ են նշված պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով:
«Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել վերջին մի քանի օրերի «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, հաշվի առնելով, որ վերը նշված պատգամավորների գրառումներն իրենց հավանումներով հաստատել են, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը, խորհրդարանի կառավարող խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ակնհայտ է, որ գործ ունենք Պաշտպանի գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ:
Ցավալի է, որ մեր երկում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար»-ընդգծել է նա։
ՄԻՊ-ը խիստ զգուշացնում է, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու այդ գործունեության վերաբերյալ հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը:
Ըստ ՄԻՊ-ի՝ որևէ մեկի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, որևէ «ֆեյքային» հարձակում չի կարող դեր ունենալ Պաշտպանի գնահատականների և հայտարարությունների հարցում, քանի որ ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով:
«Ցավում եմ, որ ստիպված եմ երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»,-նշել է Թաթոյանը։