Որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցական դասագրքերի առարկայան ծրագրի ու չափորոշիչների շուրջ ծագած դժգոհություններին։
Անդրեասյանը վկայակոչել է գործող գրականության 9-րդ դասարան դասագրքից մի հատված, որում հեղինակը մասնավորապես գրել է. «Միջնադարում չզարգացավ թատրոնը, որովհետև հայ եկեղեցին թատրոնը համարում էր յուրովի սատանայություն և դեմ էր դրա գոյությանը։ Հայ առաքելական եկեղեցին մերժեց թատրոնը։ Թատրոնը համարվել է սատանայության վայր և օտարվել։ Այդ ոգով է գրված Վասն անօրեն թատերաց դիվականաց ճառը, որ ստեղծել են հոգևոր հայրերը։ Դյութերի և գուշակների կախարդանքից խուսափելու հետ մեկտեղ նրանք խորհուրդ էին տալիս հեռու մնալ թատրոնից։ Թատրոնը համարում էին կործանարար խեղկատակություն, աշխարհիկ անիմաստ զվարճանք։ Այստեղից էլ թատերգությունների իսպառ բացակայությունը հայ միջնադարում։ Հակառակ հայոց եկեղեցու վճռական արգելքներին՝ կաթոլիկ եկեղեցին թատրոնը թույլատրեց»։
Ըստ Անդրեասյանի՝ սրանից ծրագրերի քննադատներն օրինակ կարող են եզրակացության գալ, որ «հեղինակը գործել է նաև ընդդեմ հայ եկեղեցու, դեռ ավելին՝ գովերգում է օտար կաթոլիկ եկեղեցին՝ ի հակադրություն մեր ազգային եկեղեցու և սկսում ենք դատափետել՝ տարածելով նյութեր հետևյալ վերնագրերով՝ ԳՐՈՀ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ։ ԴՊՐՈՑԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է։ Աղմուկն ապահովված է»։
Սակայն, ըստ Անդրեասյանի, ոլորտում անհրաժեշտ են իրական փոփոխություններ, այլ ոչ թե էժանագին մանիպուլազիաներ։
«Ուստի կարդում ենք, տարբերում ենք չափորոշիչը դասագրքից, և երբ մեզ ուղարկում են սարսափահար տեղեկություններ, թե նոր դասագրքերը կործանում են մեր կրթական համակարգը, խորը շունչ ենք քաշում, հիշում ենք, որ որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո, որ քննարկման դրված են առարկայական չափորոշիչների նախագծերը, որոնք հարկավոր է կարդալ, եթե կարևորում ենք, ուզում ենք սեփական կարծիք ու դիրքորոշում ձևավորել, կարդում ենք, վերլուծում, փաստարկված քննադատում, առաջարկներ ենք ուղարկում, մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին։ Որովհետև մանիպուլյացիան չի անցնելու»,-պնդել է փոխնախարարը։
Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն իր հերթին հայտարարություն է տարածել՝ իր խորը մտահոգությունը հայտնելով «Հայ գրականություն» և «Հայոց լեզու» առարկաների դպրոցական ծրագրերի վերաբերյալ։