«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ համապատասխան ախտանշանները գրանցվել են 33 մարդու մոտ, որոնցից 25 –ը բուժանձնակազմի անդամներ են, 8-ը՝ հիվանդներ:
Հաղորդվում է, որ 19:40-ի դրությամբ նրանց վիճակը գնահատվել է լավ:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սննդային թունավորման ենթադրյալ դեպքերի մասին:
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել էին սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և բժշկական կենտրոնի ղեկավարության հետ համատեղ պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: