Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) կառավարական երաշխիքներ է տրամադրել 2021 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնության հանդիպումներն ընդունելու պատրաստակամության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFFA-ի մամուլի ծառայությունը։
Բաքվում նախատեսված է մրցաշարի չորս հանդիպում՝ A խմբի երեք հանդիպում Թուրքիայի, Շվեյցարիայի և Ուելսի հավաքականների մասնակցությամբ (Իտալիայի թիմը, որը նույնպես A խմբում է, տանտիրոջ իրավունքով խմբային փուլի բոլոր խաղերը կանցկացնի Հռոմում) և քառորդ եզրափակիչի մեկ հանդիպում:
«Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան արդեն պաշտոնապես տեղեկացրել է ՈւԵՖԱ-ին 2021 թվականին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում Եվրո-2020-ի չորս հանդիպում ընդունելու համաձայնության մասին: Բոլոր երաշխիքներն ապահովված են կառավարության կողմից, ստորագրված փաստաթղթերն ուղարկվել են ՈՒԵՖԱ»,-ՏԱՍՍ-ին հայտնել են AFFA-ի մամուլի ծառայությունում։
Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը եվրոպական 12 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ն որոշում էր կայացրել 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղափոխել 2021 թվականի ամառ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: