Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:
ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ են կատարվել Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։