«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Բացի այդ, ընթացքի մեջ են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են փոստային բազմաթիվ լոգիստիկ ծառայություններ։
Նախարարի խոսքով՝ մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը: Նախարարն ընդգծեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը:
«Ներդրվել է հիբրիդային փոստի ծառայությունը, որն էականորեն նվազեցնում է պետական ռեսուրսների ծախսը: «Հայփոստ» ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում: Ընթացքի մեջ են ՌԴ-ի հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ, այդ թվում՝ ներքին գների հիման վրա Հայաստան-Ռուսաստան միջանցքով փոստային փոխանակումների իրականացումը»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ – ն 2020 թվականի ապրիլին 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել Է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարման ներքո։
«Հայփոստ» ՓԲԸ կառավարումը իրականացրել է արգենտինացի խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը: Պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի փետրվարի 15-ին։