Երեկվանից մեկնարկել է «10 մլն դրամ» շարժումը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խանութների ու ռեստորանների, արտադրամասերի, հյուրանոցների, փոքր ու միջին բիզնեսների ներկայացուցիչներին կոչ է արել վերջին խնայողությունները հավաքել և փոխանցել հայրենիքին։
«Ֆիրմա Լիդա» կարի արտադրական ձեռնարկության տնօրեն Լիդա Սարգսյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ մինչև պատգամավորի կոչն էլ ինչով կարողացել է, ռազմաճակատում կռվող զինվորին օգնել է։
Տիկին Սարգսյանի 2 թոռները հիմա հայրենիքի պաշտպանության համար առաջնագծում կռիվ են տալիս հակառակորդի դեմ։ Նա չի կարող անտարբեր լինել բանակի հանդեպ։
«Ես ամեն ձևով եմ մասնակցում։ Շատ ճիշտ քայլ է, որ բոլորը պետք է իրենց լուման ունենան հայրենիքի պաշտպանության և կառուցման գործում։ Բոլորը պետք է միանան՝ փոքրից մեծ, մեր ու մանուկ։ Մենք ազգովի հիմա մեր երկրի թիկունքին ենք կանգնած և պատրաստ ենք մեր խնայողությունները փոխանցել երկրի պաշտպանության համար»,- նշեց գործարարը։
Մինչև «10 մլն դրամ» շարժումն էլ Արարատի մարզում գործող «Արարատ» ռեստորանն իր հնարավորությունների սահմաններում սնունդ և այլ ապրանքներ է Արցախ ուղարկել՝ վստահեցնում է մենեջերը։ Այսօր էլ մեծ հաճույքով շարժմանը կմիանան, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ տան։
Նրա խոսքով՝ պետք է ըմբռնումով մոտենալ գործարարներին, քան որ կորոնավիրուսի հարվածից առաջինը հենց ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը տուժեց։ 6 ամիս չեն աշխատել, այսօր ֆինանսական խնդրի առաջ են կանգնել։
«15 օր սկսեցինք աշխատել, հիմա էլ պատերազմը սկսվեց։ Այս տարի գրեթե բան չենք աշխատել։ Տնօրինությունն է մի կերպ աշխատողներին պահել, որպեսզի կարողանան գոյատևել, բայց ոչ մեկն էլ մեղավոր չէ, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ։ Ցանկություն կա գումար փոխանցելու, բայց միայն հնարավորության դեպքում, մեր վիճակն էլ պետք է հասկանալ»,- ասաց բիզնես ոլորտի ներկայացուցիչը։
Ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղափոխված 7-8 ընտանիք այս պահին «Աղվերան Ռեզորտ» հյուրանոց են հաստատվել։
Հյուրանոցի մենեջերն ասում է՝ իրենք արդեն իսկ օգնում են արցախցի ընտանիքներին՝ նրանց կեցության հարցերը լուծելով։
«Այդ ընտանիքներից յուրաքանչյուրը մոտ 6 անդամ ունեն։ Մենք իրենց մասին հոգ ենք տանում, արդեն ջեռուցում ենք սենյակները։ Սեզոնին 2 ամիս աշխատել ենք, բայց՝ «մինուսով»։ Կոնֆերանսների սենյակաները դատարկ են, սեմինարներ չեն անցկացվում, ինչից գումար էր գոյանում»,- նշեց մեր զրուցակիցը։
«Աղվերան Ռեզորտ» հյուրանոցի կողմից գումար հավաքել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխացել։ Թե կոնկրետ որքան գումար են հատկացրել, հյուրանոցի մենեջերը չհայտնեց։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գործարարներին կոչ էր արել գումար փոխանցել հայրենիքի պաշտպանության համար։
Նա իր հոր օրինակն է մատնացույց արել՝ հայտնելով, որ հայրն իր բիզնեսի ամբողջ շահույթն ու խնայողությունները՝ 10 մլն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։