Համավարակը ստիպել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը վերանայի անելիքները գյուղատնտեսության ոլորտում։
Տնտեսվարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, հաջորդ տարի` 31.2 մլրդ դրամ:
Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի հետևանքով»,- շեշտեց նախարարը։
Խաչատրյանի գնահատմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը ցածր է, մրցունակությունն էլ՝ խոցելի։ Ուստի, իրականցվող ծրագրերը հենց այդ խնդիրների լուծմանն են ուղղվելու։
«Բուսաբուծության ոլորտում մենք թիրախավորել ենք արտադրողականության բարձրացումը և դա բաժանված է երեք հիմնական մասերի։ Առաջին՝ այգետնկում․ ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ կարող է բուսաբուծության ոլորտում առաջացնել բեկում։ Խրախուսում ենք նաև կաթիլային ոռոգման համակարգը։ 2020-ին արդեն իսկ իրականացվել է ապահովագրության պիլոտային ծրագիրը։ Այն գյուղատնտեսությամբ զբաղվողների համար մեծ նշանակություն ունի։ Պետությունը, ապահովագրական ծախսերը համաֆինանսավորելով, ուզում է խրախուսել, որ ապահովագրության ծավալներն ավելի ընդլայնվեն»,- եզրափակեց Խաչատրյանը։