Վերջին օրերի գլխավոր թեման հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումն է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և սահմանային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, որոնք այսօր հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թեմաի շուրջ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։
-Տիկի՛ն Հայրապետյան, տեղի ունեցան Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի փոխադարձ հայտարարությունները՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասով։ Ալիևի հայտարարությանը, թե ԼՂ բանակցությունները իմիտացիա են, և անվերջ երկիրը չի կարող մասնակցել դրանց, վարչապետը պատասխանեց՝ բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման, դիտարկմամբ։ Ի վերջո, Ադրբեջանի նախագահը սպառնում է դուրս գա՞լ բանակցային գործընթացից, ո՞րն է նման հայտարարության շարժառիթը, ի՞նչ կարելի է ակնկալել բանակցային գործընթացից։
-Կարծում եմ՝ ակնհայտ է, որ վերջին բախումներից հետո բանակցային գործընթացում հետագա քայլերը պետք է վերանայվեն։ Կարևոր են վարչապետի այսօրվա շեշտադրումները՝ փոխվստահության մեխանիզմների, ընդհանուր վստահության մթնոլորտի վերականգնման ու ձևավորման հետ կապված, որոնք մշտապես հայկական կողմի օրակարգի անբաժան մասն են եղել։ Ադրբեջանի նախագահն ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակում փորձում է ընդհանրապես բոլորին մեղադրել անհաջողությունների մեջ՝ չտեսնելով, որ անհաջողությունների ամենամեծ պատճառը հենց ինքն է և իր վարած հայատյաց ու ապակառուցողական, ագրեսիվ քաղաքականությունը։ Ալիևի հայտարարությունները բնականաբար երկկողմանի են՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ միջազգային լսարանին, բայց ստեղծված իրավիճակում ավելի շատ ներքին լսարանին ու ներքին խնդիրների լուծմանն են միտված։
-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացրեց վերջին սրացումների ֆոնին մեր կողմից արված որոշակի հետևություններ: Ի՞նչ նոր թեզերով ու շեշտադրումներով է հանդես գալիս հայկական կողմը, ի՞նչը կառանձնացնեք հնչեցված թեզերից։
-Կարծում եմ՝ հայկական կողմը նախկինում ներկայացրել է իր բոլոր շեշտադրումները, ուղղակի դրանք էլ ավելի համառորեն առաջ մղելու մասին էր խոսում վարչապետը՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, փոխվստահության մթնոլորտի ձևավորում, մոնիթորինգային մեխանիզմների ներդրում, որոնց հետ կապված արձանագրում կար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին համատեղ հայտարարության մեջ ։
-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Արձագանքելով սրան՝ ՀՀ վարչապետը նշեց, որ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը: Միջազգային առումով ինչպիսի՞ քննության մեխանիզմներ են առկա, բուն բովանդակության մասով ո՞րն էր Ադրբեջանի նման հայտարարություն անելու շարժառիթը, սա տեղեկատվական պատերազմում բացթողո՞ւմ էր և խաղաքա՞րտ ՀՀ համար։
-Կարծում եմ ադրբեջանական կողմը չդիմացավ և այդ հայտարարությամբ ակնհայտ ցուցադրեց իր ահաբեկչական մտադրություններն ու էությունը ։ Հայկական կողմն էլ բնականաբար չի կարող բաց թողնել այդ կարևոր հնարավորությունը՝ ցույց տալու միջազգային գործընկերներին՝ ինչ տեսակ պետություն է Ադրբեջանը՝ իր բնույթով և հետապնդած նպատակներով։
-Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել սահմանային լարված իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով նրա ագրեսիվության աճը՝ կա՞ արդյոք ՀՀ քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն։
-Կարծում եմ՝ վարչապետն իր ելույթում շեշտեց դրա մասին, որ միջազգային հարթակներում էլ ավելի պետք է ցույց տանք, թե ինչպես Թուրքիան, խրախուսելով ու աջակցելով Ադրբեջանին, էլ ավելի ապակայունացնող դեր է խաղում տարածաշրջանում այն իրավիճակում, երբ բոլորը խաղաղեցման կոչեր էին անում։ Սա միշտ եղել է խորհրդարանականներիս օրակարգում, հիմա էլ ավելի ակտիվորեն պետք է այս ուղղությամբ աշխատենք։
– Այս օրերին պակաս ակտիվ չէ հայկական սփյուռքը, շարունակվում է հայ-ադրբեջանական «բանաձևային», տեղեկատվական պատերազմը․ ինչպե՞ս կգնահատեք սփյուռքի, սփյուռքում գործող կառույցների դերակատարումն այս ուղղությամբ։
-Սփյուռքի դերակատարումը շատ մեծ է, և ադրբեջանական կողմն էլ իր հերթին փորձում է պրովոկատիվ քայլել իրականացնել այս ուղղությամբ՝ իրավիճակը սրելուն ուղղված, բայց Սփյուռքն ավանդաբար շարունակում է իր ակտիվ քաղաքականությունն այս տեսանկյունից և փոփոխական հաջողություններ է գրանցում։
Նարե Հարությունյան