Խորհրդարանը 110 կողմ, 5 ձեռնպահ , 0 դեմ ձայներով ընդունեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի կողմից:
ԱԺ որոշման նախագծով առաջարկվում էր քննիչ հանձնաժողովի անդամների թիվն ըստ Դոնթի բանաձևի սահմանել 12՝ 7 անդամ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» և 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:
Նախագծի ընդունումից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս պահի դրությամբ նման հանձնաժողովի ստեղծումը չնայած անհասկանլի է և շոշափելի արդյունք չի տալու, այնուամենայնիվ «Իմ քայլը» խմբակցությունը չի խոչընդոտելու դրա ստեղծմանը։
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արկադի Խաչատրյանը: Նա համավարակը որակել է որպես փորձություն եւ մարտահրավեր, որից պետք է դասեր քաղել: Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովը միայն ընդդիմությանը չպետք է համարել, բոլորի նպատակը պետք է լինի փաստերի, միջոցառումների արդյունավետության ուսումնասիրությունը, ապագայում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը՝ ի նպաստ մեր երկրի եւ ի բարօրություն ժողովրդի: Արկադի Խաչատրյանը կոչ է արել կողմ քվեարկել որոշմանը:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է համավարակի հաղթահարման նպատակով ծախսված գումարների արդյունավետության վերաբերյալ մամուլում տեղ գտած մտահոգություններին: Պատգամավորը կառաջարկի հանձնաժողովին՝ քննարկելու ոստիկանական ուժերի գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովը կլինի այն հարթակը, որտեղ կտրվեն հանրությանը հուզող հարցերի պատասխանները:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Մանուկյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, նշել է, որ որոշում կայացնելու առաջին նախապայմանը որոշակիությունն է, սակայն կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ աշխարհում չի եղել որոշակիություն, ուստի որոշումները եղել են տարբեր եւ իրավիճակային: Պատգամավորը խոսել է նաեւ Վրաստանում ոստիկանական գործողությունների եւ գործող տուգանքի չափերի մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարել հանձնաժողովում քննարկել նաեւ այն գործողությունները, որոնք իրականացվել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից: ԱԺ փոխնախագահը ցանկություն է հայտնել ընդգրկվելու քննիչ հանձնաժողովի կազմում: