Դեռևիս 2018-ի հեղափոխության ժամանակ հայտարարել ենք, որ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է և մենք չեն պատրաստվում հեղափոխությունը արտահանել կամ ներմուծել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկիր է, և չունի մի ուղղությամբ և մի կողմի շահեր, սկզբունքներ, և այդ սկզբունքների համադրությամբ՝ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ-ն ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման վերաբերյալ հարցի քննարկմանը:
«Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են: Ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանն իրեն համարել է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ է իրեն համարել եվրոպական ընտանիքի մաս, այնքանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է, Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ յուրաքանչյուր պետութուն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով ու հետաքրքրություններով:
«Եթե առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը այլ կերպ կվարվի, առաջարկում եմ այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»: