Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցության վերաբերյալ խորհրդակցությունների հետ կապված անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեզազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Շատ բան հիմա չեմ կարող ասել, բայց այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, ինչ-որ անհրաժեշտ է, հիմա արվում է։ ՌԴ-ի հետ 1997 թվականի պայմանագիրն այն բազային պայմանագիրն է, որից բխում են նաև գործառույթներ, որոնք արտահայտված են այլ փաստաթղթերում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանը ե՞րբ է պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմից քանիցս թիրախավորվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, նշեց, որ բոլոր որոշումներն ընդունվում են՝ ըստ իրավիճակի գնահատման, ըստ անհրաժեշտությունների։
«Մենք աշխատում ենք երեք համանախագահների հետ և աշխատում ենք առանձին երկրների հետ՝ ըստ մեր ունեցած գործիքակազմի: Մեր ամբողջ գործիքակազմը գործադրվել է առաջին իսկ օրվանից: Մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք գտնում արդյունավետության ու արագության առումով»,- մատնանշեց նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից սպասվող աջակցության չափերի և ձևերի վերաբերյալ։
ՌԴ-ից էլ պատասխան ստացան, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Օրեր առաջ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու հարցին, հայտարարել էր, որ այս ուղղույամբ ՀՀ -ի և ՌԴ-ի միջև խորհրդակցություններն արդեն սկսվել են։