Զինծառայողներին օգնություն տրամադրելու կարգը դյուրացնելու նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:
Համաձայն ներկա օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ առկա են անհետ կորած զինծառայողներ և այլ քաղաքացիներ (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականներ), որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների ճշտումն անհնարին է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով:
Այս առումով օրենսգրքով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները որոշակիորեն խոչընդոտ են հանդիսանում ռազմական գործողությունների կապակցությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ քաղաքացիների (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) իրավական կարգավիճակի հստակեցման և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացի համար
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե` զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների իրավական կարգավիճակ սահմանման և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացը:
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաև նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից:
Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում: