Խնդրի լուծումը ոչ թե Սյունիքում, Գեղարքունիքում կամ Տավուշում է, այլ Երևանում: Հասարակությունը պետք է համախմբվի և թույլ չտա, որ այս հողատու գործիչը կառավարի Հայաստանը: Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որնը ևս եկել էր Էջմիածին՝ իր աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն ու Վեհափառին:
«Իշխանությունից անհապաղ պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հայտնի չէ, թե նա բանավոր ինչ բանակցություններ է ձեռք բերել: Մենք ամեն օր նորանոր կորուստներ ենք տեսնում: Հիմա ի՞նչ եք առաջարկում: Ասում ենք, եթե արդեն տվել է Արցախը, 5000 զոհ է տվել, այլևս չպայքարե՞նք: Պետք է հեռացնենք դրան: Քանի դեռ այս մարդը երկրի ղեկին է, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորված չէ: Մենք պետք է վերականգնենք մեր անվտանգությունը, հզորացնենք պետականությունը, ազգային զարգացում ապահովենք ազգային արժեքների հիման վրա՝ այս ապազգային և հողատու արարածից ազատվելով»,- նշել է Է. Շարմազանովը:
Անդրադառնալով համացանցում եկեղեցու դեմ սկսված արշավին՝ նա նշել է. «Իրական կյանքում այդ ակտիվությունը չի նկատվում, քանի որ եկեղեցու պաշտպաններն այստեղ են: Դուք բացառո՞ւմ եք, որ եթե այստեղ մեծ քանակությամբ հանրություն չհավաքվեր, որևէ պրովոկացիա չէր արվի, ես չեմ բացառում: Եթե 2.5 տարի առաջ էլ այսպես համախմբված Մայր Աթոռի շուրջ լինեինք, դժվար թե որևէ մեկը հանդգներ Վեհափառի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել էր Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու և այդ նպատակով բողոքի ցույց իրականացնելու մասին: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Մայր Աթոռի մոտ՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ ոտնձգությունները։ Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պատարագն անցավ առանց որևէ միջադեպի: