«Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը»,- հայտարարել է նախագահի աշխատակազմը:
«Նախագահը կարևորում է հրադադարի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:
Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»,- գրել է նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու, Մարտակերտի շրջաններից։