Մենք բոլորս պետք է շատ պարզ պատկերացնենք, որ կանոնները չպահելու հետևանքը լինելու է դպրոցների փակումը, ինչը նշանակում է, որ կրթական գործընթացն, ըստ էության, տապալվելու է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Յուրաքանչյուրիս շահից է բխում, որպեսզի մեր երեխաները գնան դպրոց և մենք չունենանք գարնանը ստեղծված իրավիճակը, երբ ստիպված էինք անցնել տոտալ հեռավար կրթության, որը շատ մեծ խնդիրներ բերեց հանրակրթության համակարգի համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և նշել, որ այս օրերին նախարարությունը հանդիպումներ է ունենում դպրոցների տնօրենների հետ։ Արդեն իսկ հանդիպումներ են կազմակերպվել երեք մարզերի ավելի քան 900 տնօրենների հետ՝ ներկայացնելու դասապրոցեսների կազմակերպման գործընթացը։
Փոխնախարարն ասել է, որ ուղեցույցում սխեմաներ կան, թե ինչպես կարելի է դասարաններում տեղաբաշխվածությունն ապահովել։ Հեռավորության պահանջը 1,5–2 մետր է։ Այստեղ գործելու է նաև հստակ կանոն. եթե դասարաններում միջին խտությունը 20 և ավել սովորող է, ապա դասարանները պետք կիսվելու են մինչև 10 հոգանոց խմբերի, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ հեռավորությունը։ Եթե դպրոցն ունի տարածքի խնդիր, ապա բացի դասասենյակներից կարող են օգտագործվել միջանցքները, դահլիճները, իսկ բարենպաստ եղանակային և տեխնիկական անհրաժեշտ պայմանների դեպքում՝ որոշ դասեր կարող են կազմակերպվել բացօթյա։
Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա Սահմանադրության փոփոխությունից հետո վերահսկողական գործառույթն իրականացնելու է կրթության ոլորտի տեսչական մարմինը։
Անդրեասյանը հավելել է, որ այդ վերահսկողությունը կլինի արդյունավետ միայն այն պարագայում, երբ յուրաքանչյուրը հետևի սահմանված կանոններին։
«Դպրոցի յուրաքանչյուր աշխատակից և ծնողները պետք է աշխատանք տանեն երեխաների հետ»,- ընդգծել է նա։