Նախօրեին Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։ ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- ասված է ԵԽ պատգամավորների ընդունած հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նաև վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին:
«Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է ընդունած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 5-ին, Արցախի Քաշաթաղի շրջան կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում կսկսվի Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը։